Հեղինե Ա'Դանիել's profileՀեղինե/ChaosPhotosBlogListsMore Tools Help

Blog


    Հերթական ջնջվող գրառում

    Միշտ կռվել ենք` Ես ու Կյանքը միշտ տվել ենք իրար, բայց միշտ մեծ եղբոր նման` խրատել է, սովորեցրել ու դեռ շարունակում է նույն մեթոդներով ինչ-ինչ դասեր տալ:
    Չնայած միշտ դասերիցդ թռել եմ, բայց հետևից ընկած `գալիս է:
    5 տարեկանից մեծանում եմ:)  Մինչ մյուսները մանկություն էին գլորում` Ես մեծանում էի, դե ժամանակ հո չէի կորցնի ախմախ բաների վրա. զատիկ բռնել, բզեզին թևակոխ անել, տունտունիկ խաղալ, հեքիաթ լսել,թլիկ խոսել ու... ու կապրիզագույն շորիկներ հագնել... չէ, հաստատ հավես էլ չէի ունենա:
    Հիմա էլ մեծանում եմ, կյանքից մեծ եմ դա հաստատ, չնայած սովորեցնում է, երեկվանից էլ նոր ճառ է կարդում գլխիս.
    -Բաժանումներ կան այս թատրոնում:
     
    Ո՞ւ...
     
    այ Ընգեր Կյանք, ինձ ի՞նչ, դեհ , եթե կա բաժանում, արի բաժանվենք Ես ու Դու :) համ վերջապես կարգին հոգոց կհանես, համ էլ նյարդերս կխնայես, թե չէ քո ամեն տեսակ դասերից Ես սկսում եմ ձանձրանալ:
     
    Ամեն ինչին սովորել եմ, կարող ես անգամ կտրել ու ճմրթել մատներս, պոկել անթև ձեռքերս` աչքերով էլ կարող եմ Նրան գրկել ու այդ ժամանակ դու կամաչես, կամաչե՞ս չէ: Բա՞ քեզ սազում է ամոթից գլուխդ կախել...
     
    Էհ, Կյանքիկ , կյանքիկ, դու բա ե՞րբ ես մեծանալու:)
     
     
    Միայն մի բան չի տեղավորվում ուղեղումս, այդ ի՞նչ դաս ու լեկցիա պետք է ականջներիս փաթաթես, որ Ես մտածեմ, թե կա մի բան, որը ինձ կստիպի հրաժարվել Նրանից :)
     
    ՉԿա', հա, չնայած Նրա համար կա, բայց ինձ համար չկա....
     
    Նման բան չկա, անգամ ինձնից հրաժարումը, նրա հրաժարումը, ինձ չի ստիպի, որ հրաժարվեմ ու ջնջեմ այս ամենը:
    Հա' , մտովի ու հոգևոր Լինելը ինձ ոչ մի տեսակ հրճվանք չեն մատուցում, բայց այս դեպքում Մենք հա լինելու ենք, Նա լինելու է, ու էլի եմ ասում.
    -Արա Կյանք, նման բան չկա, որը ինձ ստիպի կամ համոզի, որ Մենք վաղը կամ երեկ , բաժանվելու ենք: :))
     
     

    Չեմ սիրում կատուներին

    Արթնանում են կատուները,
    Լվանում են մռութները,
    Սիրահետում են կատուները,
    Պարեցնում են պոչիկները:
    Արտասվում են կատուները,
    Աղաջրում են աչուկները,
    Ժպտում են կատուները,
    Զեփյուռում են բեղիկները:
    Թախծում են կատուները,
    Թաքցնում են թաթիկները,
    Մլավում են կատուները,
    Օդափոխում շնչուղիները:
    Մտորում են կատուները,
    Արդուկում են թարթիչները,
    Բանավիճում են կատուները,
    Բանեցնում են լեզուները:
    Մրսում են կատուները,
    Կծկում են թելիկները,
    Ճաշում են կատուները,
    Մռռցնում են ճանկերը:
    Որսորդներ են կատուները,
    Խաղամոլներ են կատուները,
    Դիվանագետներ են կատուները,
    Սիրուհիներ են կատուները...

    Կատուները…կատուները , իսկ  ինչո՞ւ չեն փշաքաղվում կատուները:

    Ջնջելու մեծ վարպետ պետք է լինես

    Դերեր, դերեր ու մի մեծ փոս` հիշողության աղբարկղ պիտակով:
    Միշտ հիշի'ր, ջնջելիս shift+delete սեղմիր, որ հետո այդ նույն փոսում ինքդ քեզ որոնելիս` չխեղդվես փթած կերպարիներից:
     
    հ.գ. Նախանձի'ր ջնջոցներին:
     
     

    Ես հենց Ուրիշն եմ

     Հա', Ես ուրիշ եմ, ուրիշ ես և Դու, բայց Ես հենց Ուրիշն եմ:

    Այն ուրիշն եմ, ում ուրիշ ցավ են ուղարկում, ում հազար ու մի գրող են անվանում, ում նախշում են բոլոր անմարդկային մեղքերով, ում պարզապես ուրիշ են անվանում:

    Այն ուրիշն եմ, ում ոտքերը իբր չեն ուզում, բայց կանգնում ու նայում են երկար:

    Այն ուրիշն եմ.

    -Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք...

    Այն ուրիշն եմ, ով տարակուսանքով նայում է սեփական արտացոլանքին ու հայտնագործում իր իսկ ուրիշությունը, այն ուրիշն եմ, ում մեջ կինը նկատում է սիրուհու ուրիշություն, այն ուրիշն եմ, ով կնոջից ուրիշ ընթրիք էր երազում, այն ուրիշն եմ, ում մոռանում են հրավիրել խաշի, այն ուրիշն եմ, ով առավոտյան վազքի փոխարեն երազահան է տնտղում,այն ուրիշն եմ, ով լուսանկարում տեղադրում է իր ու ուրիշների դիմակները, այն ուրիշն եմ, ով ուրիշ բան կարդում ու ուրիշ բան է ընկալում:

    Ես  այն ուրիշն եմ, ով ուրիշ լինելու հետ մեկտեղ, լրիվ այլ ուրիշին  է մեջբերում:

     Այն ուրիշն եմ եմ վերջապես.

    -Ուրիշներն են մեղավոր:

    -Ուրիշներին հետևե՞նք:

    -Ուրիշները լավ են ապրում:

    -Ուրիշները կարգին սիրել գիտեն:

    -Ուրիշները գաղտնիքներ չունեն:

    -Ուրիշները փողոցում չեն թքում:

    -Ուրիշները տեղնուտեղը սիրահարվում են:

    -Ուրիշները  չեն ձանձրացնում:

    -Ուրիշների տանը տաք է:

    -Ուրիշները ծովափում լողազգեստ են հագնում:

    -Ուրիշները խանդելիս չեն կակազում:

    -Ուրիշները ստելիս չեն կարմրում:

    -Ուրիշները ուրիշ կյանք են ուրիշում...

     

    Հ.Գ. Ուրիշները թո'ղ կորչեն, Մենք մենք ենք: J

    Պատահում է և այսպես

    Մեկը փորձում է հեղորեն  գրկել քեզ,
    իսկ մյուսը` հենց գրկելու ընթացքում, մի կուշտ համբուրել,
    լրիվ ուրիշ մեկը փորձում է մազերդ գանգրացնել,
    ուրիշի մատիկները` նույն համընթաց արագությամբ, ուզում է միաժամանակ նամակ արձանագրել,
    համահունչ գիժ մեկը արգելում է նամակվելը ու փորձում ձայնովդ թաթախվել,
    մեկ ուրիշը անջատում է հեռախոսը ` միացնելով սրտի 52-րդ վագոնը ու լցնում քո բեռները,
    կիսատ թողնելով հագուստներիդ դասավորումը`մեկ ուրիշը նստում է քնած մարմնիդ կողքին, ձեռքը տանում  դեպի վիզդ
    ու լրիվ մեկը ուրիշը արդեն սուրճի բաժակդ է ողողում,
    բաղնիքից օծանելիքի ձայն է լսվում.
    մեկ ուրիշը հոտավետ լողապաստառ է ապահովվում,
    մեկը վազվում է տանդ մեջ` չհասցնելով հավաքել թափթփված հագուստներդ,
    մեկ ուրիշը աշխատավայրումդ տաք թեյ է թրմում,
    հենց նույն ուրիշների շարքից մեկը` ստուգում է արդյո՞ք չես մրսել, տաքությո՞ւն չունես,
    մեկ ուրիշը խմորում է սպասումներդ բոլոր ու տնքում գիշերաբար,
    էլի մեկը խանգարում է քունդ ու այգաբացի բարևը հասցնում պատռել հենց ծոցումդ,
    ուրիշը հավաքում է գժված գրասեղանդ ու փոշատառ անուններդ մակագրում,
    այլ ուրիշը հենց այստեղ կանգառվում է, ժպտում, վերցնում հեռախոսը ու
    էլի լրիվ այլ ուրիշոտ ուրիշ խանգարում է ձայնդ մարսել ու
    լրիվ մեկ ուրիշին փոխանցում քեզ տեղում ու միանգամից ունենալու գաղափարը…

    Ու Ես` ուրիշների ողջ ծաղկաբույլս, պատահում է և խանգարվում ու խանգարում եմ բոլոր մեկ ուրիշներիս…

    Սիրում եմ կանաչ առավոտներս

    Սիրում եմ կանաչ առավոտներս

    ԿանաչաԳառ առավոտներին

     

    Սիրում եմ , երբ բացում եմ աչուկներս  ու տկտկալով  լափում է լույսը` կանաչներիս բարի լույսերը ծաղկած, իջնում դեպի վարդե շրթերս ու ճանկռելով բռնվում ու դաջվում է համբյուրներիս շտեմարաններին:

    Սիրում եմ , երբ բացվում է լույսը աշխարհի ու քրքրջալով աչքով է տալիս մատներիս գարուններին սիրատենչ, փաթաթվում ու վեր սողում` լափելով բույրը առավոտներիս, սողոսկում ու ճմրթվում սավանապատ բարի լույսերիս:

    Սիրում եմ , երբ ծագում է լույսը արևի  ու  շնչակտուր վազում վզիս արահետներով, խլում համբուրներդ շշուկավոր, օղակում մեջքս, ծաղկեցնում  իր անցնելիք ճանապարհը, ու պաչ-պաչ տեղում է առավոտդ` իմ սերածաղկ բույրով:

    Սիրում եմ, երբ լույսը թևերիս պրկվում է , առանց տատանվելու դավաճանում ինձ ու ծրարվում դեպի քո տունը տաք, հասնում քեզ, ձգվում քեզ , բարի լույսում քեզ ու հո'պ . ահա և իմ  ամբողջ առավոտները իջան գիշերատենչ աչերիդ...

    Մի պուճուր անհոգության արթնացում

    Կանաչ կանաչ կանա~չ անգո'ւյն  գունավորներ ճախրում են հեռո~ւ կապույտներում:
     
    Բարի բա~րի բարի' սերոտ սեր ծվարում է  մոտիկ հեռուներում:
     
    Հազար երանի ինձ, երբ վզիդ կանգառներում ծվարում եմ ծորալով: :)
     
     

    Նայիր իմ աչքերին

    Շնչիր աչքերս ու ...
    Ու երկինքն էլ գործադուլ խալաթով աչքերիս թող խոնարհվի:
    Նայիր իմ աչքերին ու բոլոր աղոթքներդ  կյանքից կփայթեն:
    Նայիր իմ աչքերին ու ...
    Ու հավատա :)
     
    Քոնն են աչքերս, իմ Սե'ր :)

    Չասե՞մ

    Իմ …ԻՄՍ:

    Կարոտ է տարօրինակ թրթռում աչքերիս վրա, փակ կոպերիս տակից անունդ է գնում ու գալիս` աչքերիս տալով կանաչաթափ մոլեգնություն:

    Ես լավն եմ, քանի որ քոնն եմ , ու չեմ զղճում , որ միանգամից դարձա քոնը, քո սեփականությունն ու քո անտեղյակ կնիքի թանաքատարր նյութը: Գիտեմ, որ արգելվում է քեզ գրել մի բան, որը կարող էր մատուցվել ականջներիդ, բայց թո'ղ նամակվեմ քեզ,  հորինվեմ ու հոլովվեմ անունովդ: Թող կողպեք դարձնեմ տառերաչափ անտեղի բառերս, թոթովվեմ սփրթնած հնչյուններս ու ...

    Գառ , իմ խելոք ու բարբառոտ Գառն, իմ ծիրանափայլ ճակատատագիր:

    Վերադառնում ու վերադարձնում եմ բոլոր փակված երազներս, հրկիզում եմ բոլոր անտեղյակ մերժումներս ու վազո~ւմ, վազո~ւմ  մեր երկփեղկ ծրար ունեցող գրադարանը, բացում բոլոր աղջկական համ ունեցող գրքերդ ու տալիս կանացի նազանքների ողջ կույս արևները: Վազվզում ու շաղ տալիս բոլոր նամակներդ, համբուրոտում բոլոր Հ.Գ ներդ ու հասնում նրանց, հասցնում չվաստակածը: Գնում ու նստում գրասեղանիդ տակ , մերժում ու բոլորում ամեն տեսակ հպարտություններդ ու կիսակատու դիրքավորվում ստվերիդ ոտքերի տակ: Ժպտում ու կրկնաերգ մտորում .

    -Չհեռանաս մեր ծառից, մեր եկեղեցու հատակին դրոշմված ստվերից, մեր ...մեր ոչ մեկին պետք չլինելու անհեթեթությունից:

     Գառնիկ, իմ խակ ու հասուն, իմ ակնթարթե հավիտենություն, իմ ցորենահասկ ցանկություն Բա~րև:

    Կարոտը

    Գնում են բոլորը, բոլորը մնում են,
    Կարոտում է կարոտը, տխրում է կարոտը,
    Ու բոլորը գնում են :
     
    Մնում են բոլորը, բոլորում են բոլորը,
    Կարոտը բարևում է, բարևը կարոտում է,
    Ու բոլորը մնում են:
     
    Գալիս են բոլորը, բոլորում են ժպիտները,
    Գրպանում են կարոտները, կարոտում են ձեռքերը,
    Ու բոլորը տձևանում են կարոտում:
     
    Կարոտը մնում է, գնում է կարոտը,
    Ու կարոտը լուռ կանգառվում է:

    Կանգնեմ, որ երջանկությունը հասնի ինձ, բայց չանցնի

    -Հազար Կարմիր Արև  երջանկությո'ւն:
    -Ահա և Դու
    -Ահա և քեզնից երջանիկը :)
    -Պատմել էին, բայց չէի հավատում
    -Լսելով մի գոհացիր , միայն նայիր աչքերիս Գառնագույնին ու սովորիր երջանկանալ
    -Նայե՞լ, ինչպե՞ս, եթե բաց են աչքերդ միայն ...
    - Միայն ու առհավետ բաց են Նրա համար
    -Կեցցե'ս, հաղթեցիր
    -Կբարևես Սիրուն, ասա մի քիչ մեծանա, բավ է եթերային հոտով գոհանա, մի քիչ Կրքի ու Մտքի հետ թո'ղ գրտնակվի ու հունցվի Մենքին:
    -Առայժմ:

    Welcome-ի օրհներգ

    Բարի Գալուստ , բարի ուելքոմեդ քայլք , միջանքում երկար կանգնել խորհուրդ չի տրվում, գանգուրների շոշափումը ու գոտու մատնազարկը անհետաձգելի արագությամբ խնդրում եմ:
    Բարի անվճար ծիծաղի առաքումը միանգամից չէ, բայց միջավայրից դուրս է: Կարող ես հրաժարվել միանգամից, կարող ես  շոկոլադի անպիտանի թղթի հետ ճմրթել ու նետել, ստո'պ, նետել չկա, բա ինչպե՞ս պետք է մեր ճամբարը գեղեցկացնենք: Նստիր մի քիչ ազատ, ազատ` ոչ բաց, բացված հենվիր, զգույշ ետևում չթաքնված խնձոր կա: Կոշիկներդ կարող ես հանել, մեկ զույգը մյուսից հեռու դիր, կոշիկների մերձեցումից զարմանալի բան չկա, բայց զարմանալը հիմա տեղին չէ: Դե՞, ինչ կա չկա, կա չէ՞, եթե չկա, ասա սուրճի մեջ կես կաթիլ տեղ կա, կարող եմ մի քիչ Կա լցնել : Մատներդ հանգիստ թող, չէ', ավելի լավ է տուր Ես կպահեմ, Ես գիտեմ ` ինչպե՞ս ու որտե՞ղ: Հը՞ շոգ է, հիմա պատուհանը փակեմ, վարագույրներիս գույնից մի բարկացիր, իսկը տեղի անվանդ գույնի են, բայց կախելիս մի փոքր վնասել եմ, միայն առաջին գույնն է մեծատառ ստացվել : Լսի'ր իսկ ինչո՞ւ չես երգում, ախր պարելս սկսել եմ վաղուց, դե... այդպես իմ լավս: Սուս լսենք հա՞ :
     
     
     
     
     
     
     
    Լսելն ու շոշափելը համատեղելի բաներ են, շոշափում եմ ձայնդ, բայց դու այդպես մի խոժոռիր, ընդամենը հոտաշոշափում է, ու ստուգում....
    Շարունակի'ր:
     
     
     
    Լսի'ր, Մենք ինչո՞ւ հանդիպեցինք:
    Երգդ մի թող, բարկությունը երգի միջոցով չի կարելի հղել, կարելի է  մատներով, ահ ներիր, ահա և քո մատները , վերցրու ետ: Վզիս խաչմերուկներում բարկություն չի մնա, բլթակներիցս սկսիր:
    Ասում եմ կարող էինք և չհանդիպել, հո՞ ամեն օր, դու հայելու մեջ քեզ տեսնելիս` նորության համ չես զգում, զգո՞ւմ ես, Ես` չէ: Հարազատ սողանքները հանդիպումներից ու բաժանումներից զերծ են սովորաբար մնում, բայց ...բայց այդ ինչպե՞ս չես հիշում ինձ: Այդ ինչպե՞ս մեր հանդիպումը պետք է դառնար Ծանոթություն, եթե անծանոթ ենք այդ ծանոթությանը ու հանդիպել էինք հենց հանդիպումից հանդիպակած դարեր առաջ: Ինչո՞ւ հանդիպեցինք ու  հոտով լցվեցին մեր բոլոր օրերը, մեր հոտով, կապույտի անլուրթ հոտով ու հոտի իսկական բույրով, մոտ ե'կ շնչեմ մի բոլ: Վա~յ սուրճը
     
     
     
    Այդքան արագ ու տաք ես ըմպո՞ւմ սևաթույր   հեղուկը, չէ' , վայելելու տեղ թող, աչքերիդ վայելքում անտեղի տարածություններ եմ ընդգծում, որ հա վայելեմ ու կորեմ, կորեմ ու վայելեմ, ո~նց եմ սիրում մութը աչերիդ:
    Դու չես սիրում աչքերիս կանաչ գույնը: Դրանից աչքերիս գույնը չի փոխվում, բայց փոխվում է քո հերթական տարբերությունը, անտարբեր տարբերությունը այլերից:
    Տարբերս:
    Էլ ներս մտնելիս դուռը չթակես, դե որ չես գնում, էլ ինչո՞ւ թակել չփակվածը:
    Գրկի քնենք:

    Վեցանիշ միակ սիրելի անունդ

    Ոչ որպես պատասխան, ոչ էլ կարգին խոսոտվանություն, այլ զուտ ցանկատենչ անվան տառատպում:

    Երբ բոլոր ճշմարիտ գործողությունները փոխարինվում են պահմտոցու հաշվարկով:

    ...Սկսած իշխանատենչ երազներից մինչ փափկահամ անունները` ննջել ու խաբել է ժամանակավրեպ ճակատագրին, անհաշիվ կետ զրո հաղթանակել բախտին ու հռհռացել:

    Քայլել ու վազել է  դեպի անհայտ հորձանուտ. զուտ ոտքի մկաները բացելու համար, ընկղմվել ճահճում` երևի էլի նույն ծիծաղելի պատճառով , կամ ճահճի գույնն է փորձել համեմատել աչքերի գույնի հետ կամ քթանցնքներով պղպջակների քանակ որսացել, հետո առանց մերկանալու ցնցուղի տակ պարել: Նա ... Նեն միշտ նկարել է իր շնչառությունից քրտնած` բաղնիքի պատերին , բազմաթիվ անուններ փորագրել, անուններին կեսբերան հո-յով այլանդակել, հետո յուրահատուկ սարակզմով արտասանել անունները ու լղոզել ողջ հմայքով: Շարունակելով նույն անբացատ ճանապարհը հանդիպել է ... հանդիպեց ... դեռ շարունակում է հանդիպել ... /հայերենի գերազանց տգետ իմացությունը կանգառվեց, հենց այստեղ ` 10-րդ տողում խաչմերուկեց քո հայացքը, մատիկով հաշվելուդ վրա քմծիծաղեց, հատուկ տողի հաշվով սխալվեց, որ հիշես. քեզ  խաբելը ու քո խաբվելը խաղանցուկ բան չէ, բայց հնարավոր է: / ...

    Հանդիպելու է ... զուտ մեկ անուն այսուհետ, հետագա գուշակություններից զերծ մնալու համար, առանց էսթետիկ ռոմանտիկ գույնի, հենց այստեղ . ԳԱՌՆԻԿ:

    Հ.Գ. Ուղղակի մատներիս պատիվ էի ուզում բերել` ստեղնաշարիս վեց տառերին ոսկեեղեգիկ հպում տալով:

    Ընդամենը

    Կյանքը շրջագիծ է` բաղկացած բազմաթիվ կետերից, իսկ մենք այդ կետերի բազմության ընդամենը մեկ թաց հետքն ենք...

     Ծովի ...

    Տղայի անգույն գունավորներից ծովե արցունքներ էին վազվզում:

    Վազվզում էր ծովը:

    Երկնքի...

    Տղայի անթիկունք մեջքից քամին պոկրտում էր գրկումների բազմաթիվ թրծված ժպիտներ:

    Քամոտվում էր երկինքը:

    Հողի...

    Տղայի անկրունկ գարշապարից հողը ներծծում էր բոլոր անտեղի համբյուրները:

    Համբուրոտվում էր հողը:

    Տղայի…

    Տղայի շրթունքներից փախչում էին անուններ` հասարակ ու հատուկ տառատեսականերից բաղկացած հնչյուներ, փախչում էին դեպի ծովը… ու ընդամենը մեկ անվան երեք տառ…երեք տառ կառչած էին շրթունքներից…

    Գոռում էր, ճչում էր , անիծում էր…

    Երեք հնչյուն...

    Սերտաճել էին երազում  տաք ու սերոտ շրթունքներին, ընդամենը ուզում էին ապրել շրթունքի հենց կենտրոնում, թեկուզ ոչ բազմահարկ հնչունաբանությամբ:

    Ախր միայն ապրել…

    Մեկ լիարժեք անուն:

    Տղան ընդամենը ուզում էր գեթ մեկ րոպե ապրել առանց ոչինչ չասող անվան …

    Ընդամենը ուզում էր շնչել լիաթոք:

     

    Ծովից…

    Տղայից չպոկվեցին և ոչ մի երեք տառ, չմնաց և ոչ մի անուն` հասարակ ու հատուկ:

    Ծովից դուրս թռան բոլոր ժամկետանց անունները. ծովը հոգնել էր:

    Երկնքից…

    Տղայից չազատվեցին և ոչ մի հնչյունատառ բառեր. չգոյացավ գոնե մեկ ամպիկ:

    Հողից…

    Տղայից  չծլեցին և ոչ մի անունաբույր գոլորշիներ, չխոնավացավ գոնե մի թիզ հողատարածք:

    Տղայից…

    Տղայից … ընդամենը  մեկ, լոկ  մե~ծ ցանկություն…

    Ժպպպպիտդդ չմոռանաս

    Բարև: :)
    Ասեցի բարևեմ, որ չմոռանաս` Բարևի մեջ եմ թաքնված ու բարևելիս ուղղակիորեն հաճելի պաչահպում ես ինձ:
    Հիշեցնեմ , որ Բարևի մեջ է նաև քո Արևը :P ու բարևելիս Արևում ես ինքդ քեզ` Ինձ քեզնով խորիզապատ շերտավորում:
    Շեշտեմ հատկապես Բարևի ...քո արտասանության ձևը, չէ' դու բախտ չունես դա լսելու, հազար երանի ականջներիս:
    Ուղղակի Բարևեմ ու ....չէ', սա քո կապույտ բարևովը չէ, ու այս Բարևի հետ չես կարող վարվել այնպես ինչպես ցանկանաս, ոչ էլ կարող ես...բարևել ու գնալ:
    Այս բարևից....միայն այս հատիկն էր / ուսերս էլի մեղավոր վեր բարձրացան/ :
    Հատիկ բարև:
    Բարևիր, հատիկ բարևը բազմացրու ու ... ու տարածիր առ տիեզերք:
     
    Իսկ Ես մնամ ու կուչ գամ քո բարևի տակ, մինչ տարածվելդ ավարտես ու ... ու Բարև գաս:
     
     
     

    Պարոդիակոմեդիկ երաժշտություն

    Օրը` երկուշաբթի, ժամանակը` անձրևին 5 էր պակաս, զգեստապահարանը` ծիրանենուց կես քայլ ձախ, լողավազանը` խնձորներով լի:
     
    -Բարև
    -Արև
    -Արևին արև հա՞
    -Դե...ոչ արևին էլ թո'ղ Արև
    -Բարիացել ես ...հի' հի'
    -Աաաա
    -Աստված` Ա ստեղծեց Մաշտոցը և ավարտեց Ք` Քրիստոսով:
    -Ստեղծեց հա՞
    -Ինչ-որ բան փոխվել է . մազերդ, հասակդ....անձրևանոցով նոր խաղեր
    -Անփոփոխ բան չկա մեջս
    -Աչքերիդ գույնը
    -Փոխվում են ամեն դռան զանգի հետ
    -Կանաչը նկատի չունեի
    -Աա
    -Դեռ գրո՞ւմ ես
    -Ո'չ, երբեք չեմ գրել
    -Հա դե, դու խզբզում էիր ...
    -Ոչ...ոչ...տարածություն եմ ստեղծում իմ ու քո միջև
    -Հա' հա, իսկ  հայելի՞ն
    -Նոր պոզեր եմ նկարել
    -Հա' հա' հա
    -Հա հա հա
    -Հիշեցի՞ր
    -Հիշե~~ցի
    -Ձմռանը քիչ մնաց
    -Մահանո՞ւմ է
    -Չէ, վերադասավորովում
    -Աղջկադ կփոխանցե՞ս անունս
    -Սովորաբար մայրիկի անունը աղջկան չեն տալիս
    -Գնամ, բազմակետ չդնես էլ
    -Լա........աավ
     

    Սիրում եմ հենց Քեզ

    Գրկել , մրրկել , ժպտալ:

    Հրել, քշել, պաշտպանել :

    Սիրել, սիրել, սիրել:

     

    Երբ կիսաստվածները հռհռացին կապույտ երկնքում, այստեղ`կապույտ երկրում, Ես թարթիչներով աղոթում էի առ... առ Քեզ ու խուտուտ արձակում նրանց վարդագույն ոտնաթաթերին:

    Երբ երկնային բոլոր  գազաները մռնչացին, այստեղ `երկնային գազանանոցում, Ես անգազան կենդանու էի փարվել ու ձեռքերս  անծանոթ  հոտ էին արձակում առ... առ Քո հարազատ լսողությանը ու կատաղեցնում գազանիկներին:

    Երբ հոգևոր բոլոր ոգեմետ էակները ապշած տենչում էին վար, այստեղ`ոգետար գնացքում, Ես սիրում էի Քեզ ու հագուրդ  տալիս վերևների վավաշոտ պլշաաչքերին:

     

    Երբ,քանի որ, այսուհետ ու ընդմիշտ:

     

    Ես սիրում եմ Քեզ:

    Քո ափսոսը քո հետ:

    Ես կարող էի լինել  ...

    Ես կարող էի գրկաբաց ժպտալ ,

    Թույլատրել անպատեհ գլուխդ` գոգերիս,

    Հոգնած ոտքերիս` հոգնած գլուխդ...

    Կարող էի մերսման սրահ - անկողնումս

    Ուսերիցդ բազո~ւմ հարցեր ցած գլորել,

    Կարող էի տանջված հոնքերդ մատնասանրել ու

    Ու լուռ  ժպտալ` աչքերիցդ հոսող անհոս արցուքներին:

    Կարող էի թիկունքից պաշտպանել անծանոթ բոլորների`

    Ծանոթ ու ցավոտ անհամ բարևներից անգամ:

    Կարող էի գինաթափ մատներիդ լույս ընծայել,

    Թաթաղել մեղրոտ ամառներում ու ...

    Ու մի քիչ տոթել հոգնածներին:

    Կարող էի ականջներիդ մատնագիշերներ արձանագրել ,

    Հետ գրությամբ նոր հանդիպումներ փաստել,

    Կարող էի անքուն ժամանակաձևերդ փափուկ...

    Համեղ քնքնշանքների վերածել:

    Կարող էի ուղղակի լինել :

    Լինել լինելու պես:

    Դու ...բայց:

    Դու չհասկացար` չուզելուդ հատկապես ո՞ր գույնը,

    Իմ ուզելու վրձնահարվածին էր կարոտ.

    Ես չէի ուզում, որ ուզես ընդամենը այսքանը...

    Ցնդրմիշաձոն

    /անծանոթ օտարներին` կարդալ ցածրաձայն, այնպես, որ չլսես ... /
     
    Բամ բա բիա, տրա լա բիա, լիա հա հա, աաա, բամ բամ:
     
    Ես հսկում եմ բակի բոլոր շղթայված այծիկներին,
    Շղթայված այծիկների մորուքներից գուլպա նկարում,
    Նկարում գուլպա քո համբույրաբուռում ոտքերին,
    Համբույրաբուռում ոտքերիդ փիսիկախաղ տալիս,
    Տալիս  փիսիկախաղ քո տատի թելերից,
    Տատի թելերից մնջախաղի տոն օրացույցում,
    Օրացույցում տոն կարմիրով մատնազարկում,
    Մատնազարկում կարմիրով  յոթերորդ ողդ անուշահամ,
    Ողդ անուշահամ ուղղում անլրջորեն,
    Անլրջորեն ուղղում սավանս զեբրագույն,
    Զեբրագույն  սավանս  վարդաթափ սփռում,
    Սփռում վարդաթափ  գարունները բոլոր,
    Գարունները բոլոր գլորում քո  տուն,
    Քո տուն բլբուլաերգում. գա~լս բարի ,
    Գալդ  բարի  Ձերդ անգերազանցություն:
     
     
    Բան բամ բիա, ի ա իա, տրա լա լա լիա, լա լա ջանա, նա նա նա: